Գարնանային օրերն իրար հետևից "մթնում-անց են կենում", բայց մենք մոռանում ենք վայելել ամեն ծաղկի բույրն ու արևի ամեն շողը: Չենք էլ նկատել, որ ծառերն արդեն մերկ չեն, արևն ուղղակի գրկել է մեզ, բողբոջներն ուր որ է կպայթեն…
Մինչև արթնանանք` ժամանակն իր հետ տարած կլինի ծաղիկները, պտուղները վայելելու երջանկությունը բոլորս չէ, որ կունենանք…
Ու կդժգոհենք, որ գարունն անցավ, արևն ու սերն անցան, մենք էլի մնացինք անսեր, անարև ու անկարոտ: Կմրսենք ձմռանը, կերազենք արև, կսպասենք, բայց կմոռանանք, որ անցած գարունն այդպես էլ չվայելեցինք: Ու ոչ թե որովհետև չթողեցին, այլ պարզապես ժամանակ չունեցանք, անտարբեր անցանք կամ շատ զբաղված էինք` մտածելով, խոսելով, քննարկելով ու վիճելով, թե ով որտեղ ում հետ ինչ արեց, ինչ ստացավ կամ ինչ տվեց, ով ում ծախեց, ում մատ արեց, ում արհամարհեց: Ու ոչ մի խոսք սիրո մասին…
Վախենում ենք սիրելուց, որովհետև կարող է` ստիպված ինչ-որ մեկի ներկայությամբ մեզ թույլ ու անպաշտպան զգանք: Վախենում ենք ժպտալուց, ախր դեմքի լուրջ արտահայտությունը մեր ամենահաջողված դիմակն է: Վախենում ենք իրար ջերմ բառեր ասելուց, տհաճ կծու, դառը խոսքերն ավելի հեշտ է երևի արտաբերելը, ու դրանից յուրահատուկ հաճույք ենք սկսել ստանալ:
Այդպես էլ չմշակեցինք ապրելու արվեստը. պատրաստի սխեմաներով գոյատևելն իհարկե ավելի հեշտ է:
Комментариев нет:
Отправить комментарий