Բարև: Չէիր սպասում: Թույլ տուր քեզ մի բան ասել: Ավելի ճիշտ, չեմ սպասում թույլտվությանդ, ժամանակ չունեմ, եկա ասեմՙ գնամ: Սիրում եմ քեզ: Արդեն նաև հարգում եմ: Սերն Աստված է տվել, հարգանքը դու ես ձեռք բերել: Դու իմ ճանապարհը չես, դու մի ծառ ես իմ ճանապարհին, որի ստվերը հիմա ինձ ամենաշատն է հարկավոր: Իսկ ես գուցե դա էլ չկամ, քո ճանապարհին ես չկամ: Բայց ես դրախտ ունեմ այս երկրի վրա: Դու էլ ունես` սեր, առողջություն, ընկերներ, աշխատանք, անձնական հետաքրքրություններ: Լավ գիտես, որ մի օր հարազատներն օտարանում են, ընկերները հեռանում են, երեխաները մեծանում են, սիրելիները մահանում են: Դրանից հետո "ինչ կլիներ, եթե" կամ "եթե միայն" զգացումները ստիպում են արցունք թափել չասած խոսքերի և կիսատ գործերի համար: Ասածս "լոլո" է հիշեցնում, բայց ի՞նչ անեմ, առանց խոսքի դժվար ես հասկանում, իսկ մտքերս մեռնում են բառ դառնալու անստվեր ճամփաներին… Հեռախոսդ զնգում է. մի՛ պատասխանիր: Եվ թույլ մի՛ տուր, որ ամեն հերթական լուծելիք խնդիրը ավելի կարևոր դառնա, քան սիրելի մարդը: Մի մոռացիր. մոռացումն էլ մահ է: Առանց այդ էլ մի օր կավարտվեն մեր վաղվա օրերը: Դեռ շատ կա, եթե նստենք շիկացած երկաթին և դրանով չափենք ժամանակը, իրականում անցյալն ու գալիքն այնքան մոտ են… Սա էլ դրախտ է, ուր սխալներից խոսելու, դրանց անուն տալու, մեր հիմարությունները արդարացնելու ժամանակ չկա: Ժպտա, այդպես ավելի ուժեղ ես, եւ թող լցվի այս անսահման դատարկությունը: Կեղծ մի ժպտա, ուղղակի ուրախ եղիր: Դու դա կարող ես:
Այսքան բան (ասե՞մ` կներես, ուշադրություն մի դարձրու: Ոչ): Պարզապես սիրում եմ քեզպեսներին...
Комментариев нет:
Отправить комментарий