понедельник, 28 октября 2013 г.

Սպասելով "կներես"-ի




Երբ ինչ-որ մեկն ասում է "կներես ինձ", դա նշանակում է ոչ թե այն, որ ինչ-որ բան է եղել, այլ այն, որ նա դա գիտակցել է ու գիտակցել է հենց այդ ժամանակ: Հնարավոր է, որ դա արդեն ուշացած խոսքեր են: Սակայն նույնիսկ, երբ ուշացած են, կարևոր է, որ դրանք հնչեն: Դրանք անցկացնում են երկու մարդու միջև ծագած չհասկացվածությունը կամ գոնե թուլացնում են առաջացած լարվածությունը: "Կներես" ասողը քաջություն է ունենում իր որևէ բացթողում նկատելու և ընդունելու: Իսկ մյուսն էլ սպասողական դիրքում է կարծես, թե երբ նա կհասկանա իր սխալը: Կամ այդ սպասելն ինչ-որ տեղ մարտահրավեր է` հասկանալու սեփական վիրավորանքի կամ նեղացածության պատճառը, նաև՝ չափը։ Լավ, ասենք շփվում ես այս մարդու հետ, նա այնպիսին է, ինչպես դու, ինչպես բոլորը, սակայն ինչպե՞ս է պատահում, որ քեզ նեղացնում և անհանգստացնում են հե՛նց նրա ասածներն ու արածները: Որովհետև նա կարևո՞ր է քեզ համար: Այո՛, կարևոր է: Ու քանի որ նա կարևոր է, մտերիմ ու հարազատ, ինչպե՞ս նա կարողացավ նեղացնել: Անարդար է մի տեսակ: Համաձայն եմ: Այո, բայց նաև այդ պահին գիտակցում ես, որ կարևոր մարդկանցից սպասելիքներ ունես, քանի որ նրանց օգնությամբ կարևորվում ես դու: Մենք նեղանում ենք, երբեմն էլ ջղայնանում, երբ մի բան ենք ուզում, որը չի լինում: Հետո էլ նեղացած ու չհասկացված ման ենք գալիս` սպասելով "կներես"-ի: Ու մինչև կլինի այդ բառը, մեկը կհարցնի իրեն, մյուսը չի հարցնի, թե ինչ է լինում, որ նա նեղանում է: Այս հարցն էլ քաջություն է պահանջում, քանի որ եթե ներողություն ասողը ընդունելու է իր բացթողումը, ապա այս հարցի տակ թաքնված է յուրաքանչյուրի համար խոցելի մի բան, նրա թույլ կետը, որին էլ ըստ երևույթին անզգույշ էին վերաբերվել: Ու այստեղ է, որ հասկանում ես, որ միգուցե այս նեղանալուց դաս էլ կարելի է վերցնել ու ընդունել, որ երբ նեղանում ես, ուրեմն մեկից սպասելիք ունես, որը նա կարող է չարդարացնել, և այդ ժամանակ դու դեմ հանդիման կկանգնես սպասելիքիդ հետ, ինչը հնարավոր է՝ ցավոտ լինի ու անցանկալի: Ու մինչև դուք նորից կհաշտվեք ու կշարունակեք շփվել, կարելի է ինքն իր հետ մնալ ու հասկանալ` արդյոք դիմացինն է քեզ նեղացնում, թե՞ սպասելիքդ: Իսկ այդ ժամանակ գուցե դիմացինից նեղացածությունը երկրորդ պլան մղվի, և կարևորվեն "կներես"-ների արանքում թաքնված հանդիպումները սեփական սպասելիքների հետ։ Սպասելիքներ, որոնք ստիպում են առնչվել թույլ կետերին ու ավելի ամրանալ:

Комментариев нет:

Отправить комментарий