воскресенье, 23 июня 2013 г.

ԱՄՈՒՐ ԳՐԿԻՐ)))

Կրկին մտնում ես տուն, հանում ես կոշիկներդ, նստում ես աթոռին ու սկսում մտածել, արդյոք սա մենակությունն է, թե պարզապես սա է ազատությունը:
Նույնատիպ օրվանից հետո, ձանձրացած նստում ես ձեր տան բակում տարիներ շարունակ իր կանգուն տեղը գտած քարին ու նայում ես լիալուսնին: Նայում ես երկար, երկար և կարծես քեզ լուսնի շողերը սկսում են գրկել, բարձրացնել վերև, պարուրում քեզ և դու վերևում տեսնում ես ծանոթ մի դեմք, ով անխոս գրկում է քեզ, գուրգուրում, ում աչքերին նայելով մի աշխարհ ես գտնում, ով քեզ երբեք չի իջացնի և թողնի այն մռայլ ու մամռապատ քարին, որին ամեն օր նստած երազել ես թռչելու մասին: Նա մոտենում է քեզ, մեղմիվ համբուրում և սրտիդ սառույցի փոխարեն նրա արեգակ պատկերն է հայտնվում:
Այդպես ամեն օր անգույն օրդ գունավորվում է գիշերվա նրա տարածած կապույտ երանգով, անհամբեր սպասում ես այն պահին, թե երբ են շողերը տանելու նրա մոտ քեզ: Բայց երբ հերթական անգամ պարուրված մեղմ շողերով բարձրանում ես նրա մոտ և հանկարծակի բացահայտում, որ նա այն իդեալը չէ, որին դու միշտ պատկերացրել ես, նա էլ ունի թերություններ, որոնք բացարձակապես չեն խանգարում քեզ սիրելուն, վախկոտի նման փախչել ես ուզում, ինչքան հնարավոր է հեռու նրանից, մտնում ես մռայլ մի անկյուն և լացում, որ քո երազանքը չի կատարվում, միթե դու չես բացահայտելու այն մարդուն, ով ամենինչով համապատասխանում է քո ցանկություններին:
Օրեր շարունակ չես հայտնվում բակում գիշերը, իսկ լուսնի շողերը դեռ սպասում են, տխրում, որ դու չկաս: Քայլում ես մարդկանց մեջ ու հասկանում, որ միգուցե և հանդիպես քո իդեալական կերպարին, բայց նա կլինի նյութեղեն, նյութական, այլ ոչ թէ լուսնի շողերից ստեղծված հրաշալի պատկեր, ով դեռ սպասում է քեզ:
Գիշեր է, լռություն, միայն մի քանի թռչունների ձայնն է գալիս և քամին է սուրում, հասկանալով, որ ոչ մեկ քեզ չի հասկանա ու չի ընդունի, որ դու քո կյանքը նվիրես լուսնի շողերին, միևնույն է դուրս ես գալիս ու գնում ընկնում դեռ քեզ սպասող շողերի գիրկը, որը ինքնին սերն է` քեզ սպասող:

Комментариев нет:

Отправить комментарий